ոլորտում ՀՀ կառավարության գործառույթները լրացրել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում՝ ապահովելու համար երկրով մեկ միասնական պետական կրթական քաղաքականության իրականացումը։
Սակայն այս նորմերը կրթական և վարչական իրավունքի ճյուղերի համալիր ինստիտուտ չեն կազմում, քանի որ դրանք կրթության ոլորտում չեն սահմանում ՀՀ կառավարության համար հատուկ իրավասություններ կամ իրավական ռեժիմ։
Ինչպես նշվել է վերևում, կրթական իրավունքի համալիր ինստիտուտը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ այն սահմանում է կրթության ոլորտում գործող սուբյեկտի համար իրավական հատուկ կարգավիճակ /ռեժիմ/, իրավունքները և պարտականությունները ենթարկում է տվյալ ճյուղի իրավական կարգավորման մեթոդին։
Այսպիսով, բոլոր այն նորմատիվ ակտերը, որոնք ամրագրում են ՀՀ կառավարության լիազորությունները կրթության ոլորտում՝ անկախ նրանց վարչական կամ կրթական օրենսդրությանը պատկանելությունից, հանդիսանում են վարչական իրավունքի նորմեր և կրթության ոլորտում ուղղակի ազդեցություն ունեն՝ առանց որևէ համալիր ինստիտուտ կազմելու։
Առաջնահերթ վարչական և կրթական իրավունքի համալիր ինստիտուտներ կազմում են այն իրավական նորմերը, որոնց միջոցով սահմանվում են կրթության կառավարման /ղեկավարման/ մարմինների, կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը և լիազորությունները, ինչպես նաև հավատարմագրում ստացած ուսումնական հաստատություններում կրթության պետական կառավարման կարգը։
Ներկայումս կրթության կառավարման պետական լիազոր մարմինը հանդիսանում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։ Գործադիր իշխանության այլ կենտրոնական մարմինների ավելի քան 6 նախարարություններ և գերատեսչություններ /չհաշված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ճեմարանը/ իրենց ենթակայության տակ ունեն ուսումնական հաստատություններ և հանդես են գալիս կրթության կառավարման գերատեսչական մարմինների դերում։ Կրթության կառավարման պետական մարմինների բարդ և զարգացած կառուցվածքը ծնում է կրթության կառավարման ոլորտում այդ մարմինների կարգավորիչ նորմատիվա-իրավական ակտերի բազմազանություն։
«Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանած կրթության կառավարման պետական մարմինների լիազորությունները կոնկրետացվում և զարգացվում է ՀՀ Նախագահի հրամանագրերում, ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներում, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված հրամաններում և այլ պետական մարմինների կողմից կիրառվող նորմատիվա-իրավական ակտերում։
Բավականին ընդարձակ է նաև կրթության ոլորտում վարչական իրավունքի այս կամ այն մեթոդների իրագործման հարցերի վերաբերյալ նորմատիվային աղբյուրների շրջանակը։ Հատուկ ուշադրության են արժանացվում կրթության որակի կառավարման գործընթացները և այնպիսի մեթոդների կիրառումը, ինչպիսիք են ատեստավորումը և հավատարմագրումը։
Կրթության կառավարման պետական մարմինների գործունեության և կազմակերպման հարցերի վերաբերյալ նորմատիվա-իրավական ակտերն իրենց առարկայական բովանդակությամբ հանդիսանում են վարչական իրավունքի աղբյուր։ Նրանցում պարունակվող իրավունքի նորմերը կարգավորում են կրթության կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ, վերահսկողական և այլ գործունեություն։ Հենց այդպիսի կառավարչական գործունեությունն էլ կազմում է վարչական իրավունքի հիմքը։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Յու. Ա. Ստարիլովը կարծիք է հայտնել վարչական իրավունքի հատուկ մասի ենթաճյուղի կարգավիճակով կրթության իրավունքի հանդես գալու հնարավորության մասին։
Նա այդ ենթաճյուղում առաջարկում է «միավորել «կառավարչական գործունեության որոշակի ոլորտները կանոնակարգող իրավական նորմերը, իսկ նրա հիմնական բաղադրիչների ցանկում ներառել շինարարական իրավունքը, ճանապարհային իրավունքը, ձեռնարկատիրական իրավունքը, ոստիկանական իրավունքը, դպրոցական /կրթական/ իրավունքը, տեղական ինքնակառավարման իրավունքը և այլն»։ Միևնույն ժամանակ համագործակցելով Վ. Ի. Շկատուլլայի