Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



բ/ դաստիարակության մեթոդների այն խախտումները, որոնք, կապված սովորողների կամ դաստիարակվողների անձի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության հետ և քրեական հետևանք չեն առաջացրել /օրինակ՝ ապտակելը, սովորողին նախապես ուսումնական հաստատությունից դուրս թողնելու մասին բարձրաձայնելը /ահաբեկելը/, կամ երբ մանկավարժը կամ պրոֆեսորադասախոսական կազմի որևէ աշխատող սովորողին սպառնում է, թե անկախ նրա պատասխանի որակից, նրան քննությունից կտրելու է/։

Բնականաբար, այդ նկարագրությունները վերաբերում են միայն մանկավարժներին և ուսումնական հաստատությունների ղեկավարներին։ Մյուս աշխատողները ուսումնական հաստատություններից կարող են հեռացվել միայն այն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գլուխ 15-ով նախատեսված կարգով /109–130-րդ հողվածներ/։

Դիտարկենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 113-ը, որը սահմանում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերը՝

1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝

1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում,

2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում,

3) աշխատողի՝ զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում,

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում,

6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում,

7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով),

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում,

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում,

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում,

11) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: