Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համակցելիության տեսանկյունները, որքան ընդհանրապես սոցիալական իրականության և մասնավորապես, նրա սոցիալ-իրավական բաղադրամասի հատուկ երևույթները։ Ամենալայն առումով այդ եզրույթներից յուրաքանչյուրը կարող է ներկայացվել հետևյալ կերպ։

1. «Կրթության իրավունքը» հասկացություն է, որն արտացոլում է հասարակության և նրա ինստիտուտների՝ գլխավորապես պետության կողմից երաշխավորվող ցանկացած մարդու՝ իր արդյունավետ սոցիալականացմանն առնչվող հավակնությունը (այսինքն՝ հասարակությանը (պետությանն) ուղղված պահանջ)՝ սոցիալապես պայմանավորված իր պահանջմունքներին և շահերին համապատասխան։ Այս իմաստով կրթության իրավունքը մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնված ողջ համակարգի տարրերից մեկն է, որն ունի՝ մարդու թե՛ բնական, թե՛ սահմանադրական իրավունքի հատկանիշները։ Ստորև ներկայացնենք կրթության իրավունքի առավել մանրամասն բնութագիրը։

2. «Կրթական իրավունքը» մի քանի նույնանուն հասկացություններ նշանակող եզրույթ է։

Առաջին. կրթական իրավունք ասելով հասկանում ենք իրավունքի առանձին ճյուղ, որոշների կարծիքով՝ իրավունքի համալիր մի բնագավառ, որի կարգավորման առարկան կրթական հարաբերություններն են։ Հարկ է նշել, որ կրթական իրավունքի որպես իրավական բնագավառի թեկուզ և համալիր, առանձնացման հիմնախնդիրը ներկայումս դասվում է իրավաբանական գիտական հանրության միջավայրում բավական քննարկվող հիմնախնդիրների շարքում (Ե. Դ. Վոլոխովա, Ս. Վ. Կուրով, Վ. Ի. Շկատուլլա, Մ.Յու. Ֆյոդորովա, Վ.Մ. Սիրիխ, Դ. Ա. Յագոֆարով և այլք)։

Երկրորդ, «կրթական իրավունք» հասկացության մեջ արտացոլվում է կրթության ոլորտում հարաբերությունները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտերի հանրագումարը (նախ և առաջ պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը և ուսումնական հաստատությունների ներքին կամ տեղային ակտերը)։ Այս համատեքստում «կրթական իրավունք» հասկացությունը «օրենսդրություն» եզրույթի լայն իմաստով մեկնաբանությամբ հավասարազոր է նաև «կրթական օրենսդրություն» հասկացությանը։

Երրորդ, «կրթական իրավունք» հասկացությունը կարող է բնութագրել գործող կրթական օրենսդրությամբ ներկայացված և երաշխավորված կրթական իրավահարաբերությունների այս կամ այն սուբյեկտի որևէ սուբյեկտիվ իրավունքը։ Օրինակ, «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողի իրավունքները։

Չորրորդ, «կրթական իրավունք» եզրույթը ուսումնական առարկայի անվանում է (և նույնանուն հասկացությունը), որն առ այսօր, ցավոք, դեռևս չի մտել հայաստանյան իրավագիտական մասնագիտական պետական կրթական չափորոշիչների առարկաների խմբի մեջ։ Վերջին տարիներին լույս տեսնող մի շարք օտարալեզու նման անվանումով դասագրքեր և ուսումնական ձեռնարկներն էլ (Վ.Ի. Շկատուլլայի դասագրքերը, Յու.Ա. Կուդրյավցևայի, Մ.Յու. Ֆյոդորովայի, Վ.Մ. Սիրիխի ուսումնական ձեռնարկները և այլն) կարող են օգտագործվել և մտցվել տվյալ առարկայի ուսումնա-մեթոդական ապահովման մեջ։

Վերջապես, հինգերորդ, վերջին ժամանակներս կրթական իրավունքը հիմնավորված ձևով դիտարկվում է որպես մի ամբողջ շարք՝ գիտական առարկաների հատման կետում՝ մանկավարժություն, իրավագիտություն, կրթության և իրավունքի փիլիսոփայություն, ուսուցանման տեսություն, էդուկոլոգիայի /կրթագիտության/ և մի շարք բնագավառների իրավաբանական և սոցիոլոգիական-իրավական գիտություններ՝ քաղաքացիական իրավունք, վարչական իրավունք, իրավունքի սոցիոլոգիա և այլն, գտնվող հրատապ և հեռանկարային գիտական ուղղություններից մեկը։

3. «Իրավական կրթությանը» բավական լայն հասկացություն է, այն ընդգրկում է, նվազագույնը, սոցիալ-իրավական իրականության հետևյալ պահերը՝

ա. մանկավարժական և կազմակերպչական միջոցառումների համակարգ՝ ուղղված բնակչության տարբեր խմբերի իրավական գիտելիքների ուսուցմանը և դաստիարակմանը,