Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ ելնելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:
Մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Դոկտորանտը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող ՀՀ այն քաղաքացին է, ով ընդունվել է դոկտորանտուրա՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու համար:
Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին:
Դոկտորանտուրա ընդունվողները ներկայացնում են տվյալ բուհում կամ կազմակերպությունում գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ)։
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:
Հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, ով բուհին կամ կազմակերպությանը կից պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:
Որակավորման քննություններ հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը հինգ տարի է: Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
Հայցորդների կցումը բուհին կամ կազմակերպությանը ձևակերպվում է տվյալ բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:
Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից
12.2.2. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողները որպես կրթաիրավական հարաբերությունների սուբյեկտներ
Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողները /«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19/ իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու և դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու իրավունք ունեն։
Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ասումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:
Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն