հետազոտողի որակավորման աստիճանը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է՝
1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար՝ առնվազն 4 տարվա, բժշկական մասնագիտությունների համար՝ առնվազն 5 տարվա,
2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար՝ առնվազն 5 տարվա, արվեստի և ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար՝ առնվազն 4 տարվա,
3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար՝ առնվազն 1 տարվա, բժշկական մասնագիտությունների համար՝ մինչև 4 տարվա,
4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար՝ առնվազն 3 տարվա:
Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն: Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով՝ առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում: Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձևերով, սահմանում է ՀՀ կառավարությունը: Հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերը հաստատում է ՀՀ կառավարությունը: Չհավատարմագրված բուհի ուսանողները և շրջանավարտները կարող են դրսեկության կարգով մասնակցել հավատարմագրված բուհի ընթացիկ, ամփոփիչ ատեստավորմանը:
Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
12.4.6. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով.
- բակալավրի դիպլոմ,
- մագիստրոսի դիպլոմ,
- բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ,
- հետազոտողի դիպլոմ:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):