Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնամքի հարցերով զբաղվող ծառայություններից և հիմնարկություններից:


ՀՈԴՎԱԾ 19

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և լուսավորչական միջոցները ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից երեխային ֆիզիկական կամ հոգեկան ճնշման ենթարկելու բոլոր ձևերից, վիրավորանքներից կամ չարաշահումներից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ սեռական չարաշահումը, պաշտպանելու նպատակով:

2. Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում եմ սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր՝ նպատակ ունենալով պահանջվող աջակցություն ցույց տալ երեխային և այն անձանց, ովքեր հոգ են տանում նրա մասին, ինչպես նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերը նշված դեպքերը կանխարգելելու և բացահայտելու, դրանց մասին տեղեկացնելու, քննարկման հանձնելու, հետաքննելու, բուժելու և այդ առթիվ հետագա միջոցներ ձեռնարկելու այլ ձևերի իրականացման, այդ թվում, ըստ անհրաժեշտության, դատական գործ հարուցելու համար:


ՀՈԴՎԱԾ 20

1. Ժամանակավորապես կամ մշտապես իր ընտանեկան շրջապատից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդպիսի շրջապատում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի:

2. Մասնակից պետություններն իրենց ազգային օրենքներին համապատասխան ապահովում են խնամքի փոխարինությունն այդպիսի երեխայի նկատմամբ:

3. Այդպիսի խնամքը կարող է ներառել, մասնավորապես, դաստիարակության հանձնելը, գրավը՝ «ղաֆալա»՝ ըստ իսլամական իրավունքի, որդեգրումը կամ, անհրաժեշտության դեպքում, երեխաներին խնամող համապատասխան հիմնարկներում տեղավորելը: Խնամքը փոխելու տարբերակների քննարկման ժամանակ անհրաժեշտ է պատշաճ կերպով հաշվի առնել երեխայի դաստիարակության հաջորդայնությունն ապահովելու ցանկալիությունը և նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը և մայրենի լեզուն:


ՀՈԴՎԱԾ 21

Որդեգրման համակարգի գոյությունն ընդունող կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի լավագույն շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, և նրանք.

ա) ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու իշխանությունների կողմից, որոնք կիրառվող օրենքի և ընթացակարգի համաձայն և գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը՝ նկատի առնելով երեխայի կարգավիճակն ըստ ծնողների, հարազատների և օրինական խնամակալների հետ առնչությունների և այն, որ հարկ եղած դեպքում շահագրգիռ անձինք, հնարավոր անհրաժեշտ խորհրդատվության հիման վրա, իրենց գիտակցված համաձայնությունն են տվել որդեգրմանը,

բ) ընդունում են, որ այլ երկրում որդեգրումը կարող է դիտվել որպես երեխայի նկատմամբ խնամքի այլընտրանքային միջոց, եթե երեխան չի կարող հանձնվել դաստիարակության կամ տեղավորվել այնպիսի ընտանիքում, որը կարողանար ապահովել նրա դաստիարակությունը կամ որդեգրումը, և եթե երեխայի ծնված երկրում որևէ մի տեսակի խնամք ապահովելն անհնար է,

գ) այլ երկրում երեխայի որդեգրման դեպքում ապահովում են այնպիսի երաշխիքների ու նորմերի կիրառումը, որոնք այդ առնչությամբ գործում են երկրի ներսում,

դ) ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի այլ երկրում որդեգրման դեպքում երեխայի կացությունը չհանգեցնի դրա հետ կապված անձանց համար չարդարացված ֆինանսական օգուտներ ստանալուն,