Այս էջը հաստատված է
Ռուբիկ, նայի՛ր մեր հորթին,
Ի՛նչ նախշուն է իր մորթին,
Պոչը ծաղիկ ու երկար՝
Կոճերին է հավասար։
Նայի՛ր, մի տես, ի՛նչ սիրուն
Աչքեր ունի փայլփլուն.
Ճակատը լեն ու պեծիկ,
Ականջները մեծ ու ձիգ,
Մի տե՜ս, ո՜նց է ցատկոտում,
Եվ ինքն իրան քաջքոտում,
Պոչը ցցում, վազ տալի,
Քացի գցում, ծառս գալի,
Իր շվաքից խրտնում,
Դարերն ընկնում, քրտնում,
Տղա կասեմ, կարենաս՝
Սրան մի հետ ձեռը տաս։
Չալ ու չալտիկ իմ ուլի՜կ,
Համ պստիկ ես, համ ճստիկ,
Պոզեր ունես սլուլիկ՝
Համ գեղեցիկ, համ կարճլիկ։
Ականջներդ խլշկան,
Աչիկներդ պսպղան,
Մկմկոցդ կմկման՝
Մորդ լեզվին է նման։
Բոժոժներով զարդարուն
Վզնոց կառնեմ քեզ համար,
Երբ վազվզես դաշտերում՝
Կզնգզնգա անդադար։