Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում...
Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում.—
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։
Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում.
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս անհուն մի կարոտ...
|
|
[1908]