Սև գիշե՜ր, և հուշե՜ր և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած.
Խնդություն հեռացած և անցած և անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...
Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...
Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշեր, և հուշեր և հուշեր ընդունայն,
Երազներ իմ անդարձ — ծաղիկներ իմ գարնան.
Ի՛նչ կանչով ձեզ կանչեմ, ի՛նչպես լամ ձեզ համար: