Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
12
Դառնություն է լցված ու թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն։
Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը և չար և ագահ...
Ճչում եմ՝ հեռացիր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին...
Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն...
|
|
[1912]