Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
20
Նուրբ ստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից վիշտ ու վհատում...
Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,—
Ահա,—մեր հոգում խավար է և մահ.—
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...
Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական.—
Քեզ ի՞նչ հավատով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...
|
|
[1912]