Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

26

***

Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,—
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն։

Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ։

Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,—
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում։

Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կտամ քեզ.—
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես...

[1912]