Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ
Հետ կանչեցի քեզ, անդարձ օրերի ցնորոտ երկիր,—
Ուզեցի որ դու պայծառ ու մաքուր լույսերով անշեջ
Եվ խորհուրդներով դյութես վերստին սիրտս տարագիր:
Եվ իմ հոգու մեջ ես խենթ կանչեցի, ճչացի վհատ,
Երբ տեսա, ինչպես մեռած օրերի խումբը դժնդակ
Սահեց իմ առաջ, որպես անիծված կյանքի մի հեքիաթ —
Եվ երազածս թվաց նենգալի, չար և այլանդակ։
Դառը մենության և անհուսության մթին վիհերում
Ես իմ թույլ սիրտը կամեցա քաղցր հուշով ամոքել,
Սակայն մթնել էր, դառն էր և դաժան անցյալի հեռուն,
— Լուսեղեն հուշեր, դավաճանել եք ինձ դուք է՛լ, դուք է՛լ