Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
33
Բուքն է լալիս. հողմ ու ձյուն,
Մառախուղ է և մշուշ.—
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։
Ո՞վ է շրջում անդադար,
Ո՞ւմ է կանչում հիմա նա.
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացեք թող հեռանա...
Ասացե՛ք թող հեռանա,
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,
Չկա դարձի արահետ։
Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում է և երգում.—
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ
Երգն է ճերմակ մրրիկում...
Իմ շիրիմը հեռավոր,
Եվ մոռացված և մենակ,
Ո՞վ հուզում մենավոր
Իր թախիծով շարունակ։
Օտար երկրի դաշտերում,
Ցուրտ գիշերում ձմեռվա
Ո՞վ է անքուն դեգերում,
Անվերջ սգում իմ վրա...
|
|
[1911]