Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
37
Դու գալիս ես մութ գիշերապահին
Եվ լինում ես լուռ.
Ես չեմ հիշեցնում ցնորքներըդ հին,
Չեմ վրդովում քեզ խոսքերով տխուր։
Ես հասկանում եմ քո խենթ աչքերի
Հըրեղեն լեզուն,
Խոնարհ եմ լինում ես, որպես գերի,
Ե՛վ տրտմության սև խոսքեր չեմ ասում։
Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,—
Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում։
Եվ շշնջում է հագուստը թափվող
Վարագույրի մոտ, —
Փռվում է դառը ցնծության մի դող,
Ու ողջ աշխարհը դառնում է աղոտ...
Կանգնում ես դու մերկ, թագուհիդ՝ խոնարհ,
Իսկ ես, քո գերին՝
Քո թագավորն ու դահիճն եմ խավար,
Եվ սահման չկա չար տանջանքներին...
|
|
[1912]