Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12

ԱՆՏՐՏՆՋՈԻԹՅՈԻՆ

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում...

Շուրջըդ ահա գիշեր ու երգ —
Հանգի՜ստ, հեքիա՜թ ու երա՜զ.
Կույս-ամպերը ճերմակ ու մերկ,
Աստղերն անո՜ւշ, հեզանա՜զ։

Սիրտ իմ հոգնած, մեղմ օրհներգիր,
Հնազանդ ու ցնորուն,
Երկինք ու ծով, ամպ ու երկիր,
Այս մարգերն ու այս առուն։

Եղիր դու էլ պայծառ ու հեզ.—
Հեքիա՜թ, հանգի՜ստ ու երա՜զ,
Ծաղկանց ու կույս ամպերի պես,
Աստղերի պես հեզանազ...

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում...

[1911]