Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց.— «ես կգա՜մ»։
Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ․․․