Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

40

ԴԱՇՏԵՐՈԻՄ

Հեռածավալ դաշտերում,
Մոռացված ու մենավոր,
Մոռացել եմ ես հեռվում
Աղմուկները հեռավոր։

Լուռ նստում եմ առվի մոտ,
Անուշ հեքիաթ եմ լսում,
Երեկո և առավոտ
Խաղաղ սրտով երազում։

Գիշերն իր ծովն է փռում,
Արշալույսն՝ իր ծիրանին,
Եվ իմ հոգում, և հեռվում
Քп ցնորքն է անմարմին։

Քո հեքիաթն եմ պարզել ես
Այս աշխարհի հեքիաթում
Եվ աղոթել անվերջ քեզ,
Երկրպագել իմ սրտում։

Թափառում եմ և երգում,
Աշխարհը մեծ, սիրտըս լայն,
Քո ցնորքն է ինձ գրկում,—
Ոսկեղեն ու դյութական։

[1912]