Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

42

* * *

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի հեռանա,
Մոլորված իմ քույրիկ:

Մոլորված իմ քույրիկ,
Հոգնած ու մենավոր,
Դուրսը չար փոթորիկ,
Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա, մեղմորեն
Այս հուրը տխրաբոց,
Թող, որ մեղմ օրորեմ
Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,
Որ այսօր ես գիտեմ,
Այն անուշ հրաշքով
Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու
Քո սրտին կընետեմ,
Որ հզոր լինես դու
Կյանքի և մահու դեմ։