Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

43

* * *

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջըս, շուրջըս ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոգում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Եվ անմարմին և անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հըմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք — անկարծ հանդիպում․․․