Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և մարդ և անիվ
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին թվում է դյութող..․
Մաշված է կյանքս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտրս բացել եմ հպարտ