Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
11
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
ԵՎ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է ,միշտ խոր ու պայծառ,
Եվ խորում է և այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.—
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
|
|
Ամառ, 1913