Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես այդ կարգի բազմաթիվ բանաստեղծությունների (ձեոագիր կամ տպագրված) կապակցությամբ չէր կարող որևէ հիշատակություն չլինել: Չենք կարծում, թե այդպիսի շարքի համար «ընդհանուր տրամադրության» կամ այլ բնույթի հիմքեր գտնվեին «այլևայլ» անձանց նվիրված բանաստեղծություններում (հիշենք Վ, Բրյուսովին, Վ. Իվանովին, Ստ. Շահումյանին, Հ. Թումանյանին, Ավ. Իսահակյանին, Ալ. Ծատուրյանին, Պ, Մակինցյանին, Օ. Օհաջանյանին, հորը, Ա. Պատվականյանին, Սուսաննային , «Սիրելի Պերճանույշին», «Ամենասիրելի Լիլիթին», «Ն.—ին» և ուրիշներին նվիրվածները)։ Եվ, վերջապես, ամենահավաստի փաստարկը. այդպիսի շարք ստեղծելու մտադրություն ունեցող պոետը «այլևայլ» անձանց նվիրված բանաստեղծությունները չէր «ցրի» ամենատարբեր շարքերում («Օնիկին» նվիրված «Թափառական»֊ը և «Ն. ին» նվիրված «Արդյոք նորից»֊ը «Մթնշաղի անուրջներ»-ում, «Ս.—ին» նվիրված «Սև շուշան »-ը «Ոսկի հեքիաթ»-ում): Կյանքի վերջին շրջանում իսկ, կազմելով իր բանաստեղծությունների 2-րդ հատորը, Տերյանը Վ. Իվանովին նվիրված բանաստեղծությունը գրել է «Երկիր նաիրի» շարքում, Հետաքրքրական է, որ ոչ Մակինցյանը, ոչ էլ մյուս կազմողները չեն առանձնացրել այդպիսի շարք կամ բաժին (միակ բացառությունը «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ն է, ուր «Սևագրություններ»-ի մեջ ընդամենը վեց բանաստեղծություն առանձնացված է այդ վերնագրի տակ)։

Մեզ ավելի հավանական է թվում «Իմ բալիկին» խորագրով շարք ստեղծելու մտադրությունը: Այդ են վկայում «Իմ բալիկին» վերնագրով հայտնի չորս բանաստեղծությունը և տակավին չգտնված մի քանի բանաստեղծությունների վերնագրերը («Կառնեմ քեզ ուլիկ», «Բալիկիս առել եմ սոլիկ», «Ջանիկ բալիկ» և ուրիշ):

Տերյանը բոլոր բանաստեղծությունները չէ, որ համախմբել է շարքերում, կան նաև «անհատ» բանաստեղծություններ, որ մենք հարմար չենք համարում ոչ «հալեցնել» մյուս շարքերում, ոչ էլ դնել «Խառն բանաստեղծություններ» խժալուր խորագրի տակ: Դրանք դրել ենք հատորի վերջում «Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժնում:

«Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» և «Վերադարձ» շարքերի համար հիմք ենք ընդունել Տերյանի հսկողությամբ տպագրված «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը, «Ոսկե շղթա» և «Երկիր Նաիրի» շարքերի համար՝ «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի ինքնագրերը։ «Կատվի դրախտը» ներկայացնում ենք ըստ «Երկերի ժողովածու»֊ի 3-րդ հատորի (Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է այդ բանաստեղծությունների ավելի մշակված ինքնագրեր): «Շարքերից դուրս բանաստեղծույուններ»-ից առաջին չորսը տպագրության ենք տալիս ըստ առաջին հրապարակումների (Տերյանը հետո չի անդրադարձել մամուլում տպագրված այդ գործերին), N 5—10-ը՝ ըստ «Մթնշաղի անուրջներ»-ի, մնացածները՝ ըստ «Երկերի ժողովածու»-ի 3֊րդ հատորի (Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է նաև այդ բանաստեղծությունների ավելի մշակված ինքնագրերը)։

Առանձին դեպքերում, երբ ընտրել ենք ավելի ուշ շրջանի մշակումներ կամ այլ պատճառներով ավելի հավաստի տեքստեր, նշել ենք կոնկրետ այդ բանաստեղծությունների ծանոթագրություններում։