Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
46
Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում.
Դուրսը բքաբեր քամին է ոռնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...
Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։
Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քեզ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քեզ եմ երգում...
|
|
1907