Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

54

ԴԱՐՁ

Մի օր առհավետ կյանքըս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։

Տխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս.—
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։

Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ ծնկները կըգրկեմ հուսով
Եվ կըհեկեկամ և կըհեկեկամ...

25/1 1908