Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
25
Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,
Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ
Եվ այնքան, այնքան, այնքան փաղաքուշ…
Չէ՞ որ գիտեիր ըմբռնել դու այն,
Ինչ անհնար է ասել խոսքերով.
Իսկ հիմա ողջը` «բարբառ է ունայն».
Եվ ի՞նչ կա հիմա մաքուր ու գերող։
Ինչ բախտ էր նստել քեզ հետ միայնակ,
Ողջը մոռացած բերկրությամբ անփույթ,
Քո նուրբ զրույցով արբենալ անհագ.
Իսկ հիմա ողջը` սուտ է ու ձանձրույթ…
Թե՞ ես եմ արդեն աշխարհից աշխարհ
Շռայլել հոգիս, վատնել ամեն ինչ,
Սիրտըս թունոտել օրերում դժվար
Եվ դարձել օտար աչքերին այդ ջինջ…
|
|