ՍԱԼՈՄԵ. Որքան վտի՜տ է նա։ Կարծես մի նրբագիծ փղոսկրյա պատկեր լինի։ Կարծես արծաթյա մի պատկեր է: Ես հավատացած եմ, որ նա նույնքան ողջախոհ է, որքան և լուսինը։ Կարծես արծաթյա մի ճառագայթ է նա։ Նրա մարմինը շատ սառն է, ինչպես փղոսկր։ Ես մոտիկից եմ ուզում նայել նրան:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Ո՛չ, ո՛չ, արքայադուստր:
ՍԱԼՈՄԵ. Ես մոտիկի՛ց պիտի նայեմ նրան։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արքայադո՜ւստր, արքայադո՜ւստր:
ՅՈՔԱՆԱԱՆ. Ո՜վ է այդ կինը, որ նայում է ինձ։ Ես չեմ ուզում, որ նա ինձ նայե: Ինչո՜ւ է նայում ինձ իր ոսկեղեն աչքերով, ոսկեներկ թարթիչների տակից։ Ես չգիտեմ, ո՜վ է նա։ Ես այդ չեմ ուզում իմանալ։ Ասացեք նրան` թող հեռանա: Նրա հետ չէ, որ ես ուզում եմ խոսել։
ՍԱԼՈՄԵ. Ես Սալոմեն եմ, Լերովդիադայի դուստրը, արքայադուստրը Հրեաստանի։
ՅՈՔԱՆԱԱՆ. Հեռացի՛ր, դուստր Բաբելոնի։ Մի մոտենա Տիրոջ ընտրյալին։ Քո մայրն իր պղծության գինիով լցրեց երկիրը, և նրա մեղքերի աղաղակն Աստծո ականջին հասավ:
ՍԱԼՈՄԵ. Նորից խոսիր, Յոքանաա՜ն, քո ձայնն արբեցնում է ինձ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արքայադո՜ւստր, արքայադո՜ւստր, արքայադո՜ւստր։
ՍԱԼՈՄԵ. Նորից խոսիր, խոսիր նորից, Յոքանաան, և ասա ի՜նչ պիտի անեմ ես։
ՅՈՔԱՆԱԱՆ. Ինձ մի մերձենաք, դո՜ւստր Սոդոմի, այլ սև քողով ծածկեցեք ձեր երեսը, մոխիր ցանեցեք ձեր գլխին և գնացեք անապատ՝ Մարդո Որդուն որոնելու։
ՍԱԼՈՄԵ. Ո՜վ է նա` Մարդո Որդին։ Արդյոք նա ևս նույնքան գեղեցի՞կ է, որքան դու, Յոքանաան։
ՅՈՔԱՆԱԱՆ. Հեռացի՜ր, հեռացի՜ր… Ես լսում եմ, ինչպես պալատում մահվան հրեշտակի թևերն են թափահարվում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արքայադուստր, աղաչում եմ ձեզ, վերադարձե՛ք:
ՅՈՔԱՆԱԱՆ. Հրեշտակ Աստծո, ի՞նչ ես որոնում այստեղ դաշույնը ձեռքիդ, ո՞ւմ ես որոնում այս ամբարիշտ պալատում: Դեռ չի հասել այն մարդու օրը, որն արծաթե հագուստով պիտի մեռնի: