Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ իր կյանքի ընթացքում մարգարեն իրավացի դուրս եկավ—երկրի թագավորները սոսկում են: Սակայն վերադառնա՛նք: Դուք տկար եք: Հռոմում կկարծեն, թե դուք խելագարվել եք: Վերադառնա՛նք, ասում եմ ձեզ:

ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Ո՞վ է նա, որ գալիս է էդոմից, որ գալիս է Բոսրայից իր ծիրանի հագուտով, որը շողշողում է իր հագուտի գեղեցկությամբ և որը քայլում է ամենակարող զորությամբ: Ինչո՞ւ նրա հագուստը բոսորաներկ է:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Վերադառնա՛նք: Այդ մարդու ձայնը զայրույթով է լցնում իմ սիրտը: Ես չեմ ուզում, որ իմ դուստրը պարե, քանի որ այդ մարդն աղաղակում է այնտեղ: Ես չեմ ուզում, որ իմ դուստրը պարե, քանի որ դուք այդպես եք նայում նրան: Վերջապես ես չեմ ուզում, որ նա պարե:

ՀԵՐՈՎԴ. Վեր մի՛ ելնի, իմ կին, իմ թագուհի, անօգուտ է այդ: Մինչև որ նա չպարե, ես չեմ վերադառնա: Պարեցե՛ք, Սալոմե, պարեցե՛ք ինձ համար:ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Մի՛ պարեք, դուստր իմ:

ՍԱԼՈՄԵ. Ես պատրաստ եմ, տետրա՛րք:

Սալոմեն պարում է յոթը ծածկույթի պարը

ՀԵՐՈՎԴ. Ա՜հ, սքանչելի՜ է, սքանչելի՜ է այդ: Տեսնո՞ւմ եք, նա պարեց ինձ համար, ձեր դուստրը: Մոտեցե՛ք, Սալոմե, մոտեղե՛ք, որպեսզի ես կարողանամ վարձատրել ձեզ: Ա՜հ պարուհիներին ես լավ եմ վարձատրում: Ես քեզ լավ պիտի վարձատրեմ: Ինչ էլ որ կամենաս` պիտի տամ քեզ: Ասա՛, ի՞նչ ես ուզում, Սալոմե՛:

ՍԱԼՈՄԵ (ծունկ չոքելով). Ես ուզում եմ, որ այժմ իսկ բերեն ինձ,արծաթյա ափսեի վրա…

ՀԵՐՈՎԴ (ծիծաղելով). Արծաթյա ափսեի վրա՞… Այո, իհարկե արծաթյա ափսեի վրա… Որքան նազելի՜ է սա, նայեցեք, այնպես չէ՞: Ի՞նչ եք ուզում, որ բերեն ձեզ արծաթյա ափսեի վրա, իմ սիրելի, իմ գեղանի Սալոմե, դուք, որ Հրեաստանի կույսերի մեջ ամենից չքնաղագեղն եք: Ի՞նչ եք ուզում, որ բերեն ձեզ արծաթյա ափսեի վրա: Ասացեք ինձ: Ինչ էլ որ լինի պիտի տամ ձեզ: Իմ գանձերը ձե՛զ են պատկանում: Ուրեմն ի՞նչն է այդ, Սալոմե: