Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեք ուզում։ Մի ակնթարթ լսեցեք ինձ։ Ես մի զմրուխտ ունեմ — մի մեծ ու կլոր զմրուխտ, որն ինձ կեսարի սիրելին է ուղարկել։ Եթե դուք նայեք այդ զմրուխտին—կտեսնեք այն, ինչ կատարվում է անսահման տարածության վրա: Ինքը` Կեսարը, երբ ցիրկ է գնում, հետը մի այդպիսի զմրուխտ է վերցնում։ Բայց իմն ավելի մեծ է։ Աշխարհիս ամենախոշոր զմրուխտն է դա։ Դուք այդ եք ուզում, այնպես չէ՞: Պահանջեցեք, և ես կտամ ձեզ այն։

ՍԱԼՈՄԵ. Ես Յոքանաանի գլուխն եմ պահանջում։

ՀԵՐՈՎԴ. Դուք ինձ չեք լսում, դուք չեք լսում ինձ։ Թույլ տվեք խոսեմ, Սալոմե՛։

ՍԱԼՈՄԵ. Յոքանաանի գլուխը։

ՀԵՐՈՎԴ. Ոչ, դուք այդ չեք ուզում։ Դուք այդ լոկ ինձ տանջելու համար եք ասում։ Լոկ այն պատճառով, որ մի ամբողջ երեկո ձե՛զ էի նայում ես։ Այո, այդպես է։ Ես ամբողջ երեկոն ձեզ էի նայում։ Ձեր գեղեցկությունը շփոթեցրեց ինձ: Ձեր գեղեցկությունը սարսափելի կերպով շփոթեցրեց ինձ, և ես չափից դուրս շատ նայեցի ձեզ։ Բայց ես այլևս այդպես չեմ անի։ Չպետք է նայել ո՛չ առարկաներին, ո՛չ մարդկանց: Միայն հայելիներին պետք է նայել։ Որովհետև հայելիները լոկ դիմակներ են ցույց տալիս մեզ։ 0՜հ, օ՜հ, գինի՝, ես ծարավ եմ։ Սալոմե՛, Սալոմե՛, բարեկամ լինենք։ Վերջապես տեսե՛ք… Ի՞նչ էի ուզում ասել ես։ Այն ի՞նչ էր։ Ա՛հ, մտաբերեցի։ Սալոմե՛, մոտ եկեք։ Վախենամ ինձ ասեք։ Սալոմե', դուք գիտեք իմ սպիտակ սիրամարգներին, իմ սիրուն, սպիտակ սիրամարգներին, որ զբոսնում են այգում մրտենիների և նոճիների մեջ։ Նրանց կտուցները ոսկեզօծ են և այն հատիկները, որ նրանք են կտցահարում — նույնպես ոսկեզօծ են։ Եվ այդ սիրամարգների ոտները ներկված են, ծիրանագո՜ւյն: Երբ նրանք կանչում են՝ անձրև է գալիս, իսկ երբ սկսում են պարել իրանց սիրամարգի պարը՝ երկնքում լուսնյակն է երևում: Նրանք զույգ֊զույգ են ման գալիս նոճիների ու սև մրտենիների մեջ և նրանցից ամեն մեկին խնամում է մի առանձին ստրուկ։ Երբեմն նրանք թռչում են ծառերի մեջ, երբեմն հանգստանում մարգագետնի վրա և լճակի շուրջը։ Աշխարհիս երեսին դրանցից սքանչելի թռչուն չկա… Աշխարհում չկա ոչ մի