Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՐՈՎԴ. Տեսնո՞ւմ եք, դուք ինձ չեք լսում։ Բայց հանգիստ եղեք։ Ես բոլորովին հանգիստ եմ։ Ես շատ հանգիստ եմ: Լսեցե՛ք: Ես թաքուն պահած զարդեր ունեմ, որ ձեր մայրն իսկ չի տեսել, բոլորովին արտասովոր զարդարանքներ։ Ես ունեմ մարգարտյա մի մանյակ, որ չորս շարք մարգարտից է հյուսված: Կարծես լուսնյակներ լինեն արծաթյա ճառագայթների վրա շարված։ Կարծես ոսկեղեն մի ցանցով բռնված հիսուն լուսնյակ լինի։ Մի թագուհի կրել է այդ իր փղոսկրյա լանջին։ Դու էլ թագուհու նման գեղանի կլինես, եթե կրես այն։ Ես ունեմ երկու տեսակ մեղեսիկներ։ Մեկը սև է, որպես գինի, մյուսը կարմիր, որպես ջրախառն գինի։ Ես տոպազներ ունեմ, որ դեղին են, որպես վագրի աչքերը և տոպազներ, որ վարդագույն են, որպես աղավնիների աչքերը և տոպազներ, որ կանաչ են, որպես կատուների աչքերը։ Ես ոպալներ ունեմ, որոնք միշտ փայլում են ցուրտ բոցով և ոպալներ, որոնք սիրտ են տխրեցնում և վախենում են մութից։ Ես ունեմ եղնգնաքարեր, որ մեռած կնոջ բիբերի են նման, ես ունեմ լուսնաքարեր, որոնք փոխվում են, երբ լուսնյակն է փոխվում և գունատվում են, երբ արև են տեսնում։ Ես ունեմ շափյուղաներ, որ ձվի չափ խոշոր են և կապույտ են որպես կապույտ ծաղիկները։ նրանց մեջ ծովն է տատանվում և լուսինը բնավ չի պղտորում նրա ալիքների կապույտը: Ես ունեմ ոսկեքարեր և կապույտ զմրուխտներ, ես ունեմ ոսկեպրասներ ու սուտակներ, ես ունեմ սարդիոններ և հակինթներ և քաղքեդոնի քարեր և ես ձեզ կտամ այդ բոլորը, այո՛, բոլորը և կավելացնեմ դրան այլ բաներ ևս։ Հնդկաստանի թագավորը նորերս թութակների փետուրներից հյուսված մի հովհար է ուղարկել ինձ։ Նումիդիայի թագավորը՝ մի զգեստ, որ ջայլամների փետուրներից է հյուսված։ Ես ունեմ մի բյուրեղ, որին նայելը կանանց արգելված է, նույնիսկ պատանիները չեն կարող նայել առանց նախօրոք գանահարության ենթարկվելու։ Մի սադափյա արկղում ես ունեմ երեք սքանչելի փերուզ։ Եթե այդ փերուզները ճակատիդ կրես, կարող ես երևակայել այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն, իսկ եթե ձեռքիդ վրա կրես, կարելի է կանանց անպտուղ դարձնել։ Դրանք մեծարժեք գանձեր են։ Անգին գանձեր են դրանք։ Եվ այդ բոլորը չէ։ Եբենյա մի