է, այդ ստրուկը։ Թույլ տվեց, որ սուրը ցած ընկնի։ Դահլիճը չի համարձակվում սպանել նրան։ Թուլամորթ է այդ ստրուկը։ Զինվորներ պետք է ուղարկել։ (Նկատելով Հերովդիադայի մանկլավիկին` դիմում է նրան): Եկ այստե՛ղ։ Դու նրա՛ ընկերն ես, որ մեռավ, այնպես չէ՞։ Դեռ բավական չեն մեռելները։ Ասացեք զինվորներին, որ ցած իջնեն ու բերեն այն, ինչ ես պահանջո՛ւմ եմ, ա՛յն, ինչ տետրարքը խոստցել է ինձ, ա՛յն, ինչ ինձ է պատկանում։ (Մանկլավիկը ետ է քաշվում, Սալոմեն զինվորներին է դիմում): Զինվորներ, այստեղ եկեք։ Իջե՛ք ջրհորն ու բերեք ինձ այն մարդու գլոլխը: (Զինվորները ետ են քաշվում): Տետրա՛րք, տետրարք, հրամայեցեք ձեր զինվորներին, որ բերեն Յոքանաանի գլուխը։ (Մի մեծ, սև ձեռք` դահճի ձեռքը, երևում է ջրհորից Յոքանաանի գլուխն արծաթյա վահանի վրա պահած: Սալոմեն խլում է այն: Հերովդը վերնազգեստով ծածկում է իր երեսը: Հերովդիադան ծիծաղում է և հովհարով ինքն իրան հովհրում: Նազովրեցիք ծունկ են չոքում և սկսում են աղոթել) Ա՛հ, դու չուզեցիր թույլ տալ, որ ես համբուրեմ քո բերանը, Յոքանաան։ Ահա, կհամբուրեմ ես ա՛յժմ։ Կկծեմ իմ ատամներով, ինչպես հասած պտուղն են կծում։ Այո, ես կհամբուրեմ քո բերանը, Յոքանաան։ Ես ասացի այդ, այնպես չէ, ես քեզ ասացի այդ։ Ահա ես կհամբուրեմ այժմ… Բայց ինչո՞ւ դու ինձ չես նայում, Յոքանաան։ Քո աչքերը, որ այնպես սարսափելի էին, որ այնպես լի էին զայրույթով ու արհամարհանքով, ահա փակված են: Բա՛ց քո աչքերը։ Բարձրացրու քո թարթիչները, Յոքանաան։ Ինչու չես նայում։ Մի՞թե դու վախենում ես ինձնից, Յոքանաա՛ն, որ չես ուզում նայել ինձ։ Եվ քո լեզուն, որ կարմիր օձի էր նման, թույն թափող մի օձի, այլևս չի շարժվում, այլևս ոչինչ չի ասում, Յոքանաան, այն կարմիր իժը, որ իմ վրա էր թափում իր թույնը։ Տարօրինակ է դա, այնպես չէ։ Ինչպես եղավ, որ կարմիր իժն այլևս չի շարժվում։ Դու ինձ չուզեցիր, Յոքանաան։ Դու ինձ մերժեցիր։Դու անարգ խոսքեր ասացիր ինձ։ Դու ինձ հետ վարվեցիր որպես մի ստրկուհու, որպես մի պոռնիկ կնոջ հետ, ի՛նձ, Սալոմեիս, Հերովդիադայի դստեր, Հրեաստանի արքայադստեր հետ։ Եվ ահա, Յոքանաան, ես դեռ ապրում եմ, իսկ դու
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/252
Արտաքին տեսք