Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ անդրաշխարհային այն բուրմունքը, որով ես արբում էի այնքա՜ն նրբազգաց, ավաղ, փոխվել է ծխախոտի և ինչ֊որ գարշելի բորբոսի խառնուրդ հոտի:

Մի ծթռած ավերմունքի շունչ է փչում այստեղ։

Այս նեղ, բայց տաղտկաշատ աշխարհում լոկ մի բան կա, որ գիտե ինձ ժպտալ, դա լավդանոնի սրվակն է, վաղեմի ու սոսկալի մի բարեկամ, որն, ինչպես և բոլոր բարեկամները, ավա՜ղ, բեղուն է թե սիրով, թե դավաճանությամբ։

Ո՛հ, դարձավ ժամանակը, նա վերստին իշխում է և այդ զազրելի ծերուկի հետ եկավ նրա դիվային ամբողջ շքախումբը` Հուշ, Ափսոսանք, Հառաչ, Ահ, Անձկություն, Կոշմար, Ցասում, Ջլախտ։

Հիրավի, որ վայրկյաններն այժմ ավելի աղմկալի և հանդիսավոր են խփում, և նրանցից ամեն մեկը ժամացույցից դուրս է թռչում ու ճչում` «ես եմ կյանքը, անտանելի, անողորմ կյանքը»։

Եվ մարդկային կյանքում չկա և ոչ մի վայրկյան, որ ավետիք բերելու կոչումն ունենար, այն ավետիքը, որ բոլորին անասելի զարհուրանք է ներշնչում։

Այո, ժամանակն իշխում է, նա կրկին տեր է իր կոպիտ բռնությամբ։

Եվ նա իր կրկնակի խթանով առաջ է մղում ինձ, որպես մի եզի` «հո՜, անասուն, քրտնիր ստրուկ, ապրիր նզովյալ»։

6 ՄԱՐԴՈԻՆ ՄԻ ՔԻՄԵՌ

Անհուն ու գորշ երկնի տակ, լայնածավալ ու փոշելից մի դաշտում, ուր ոչ ճանապարհ կար, ոչ կանաչ, ոչ փուշ, ոչ եղիճ` հանդիպեցի ես մարդկանց մի խուռն բազմության, որ կորաքամակ առաջ էր շարժվում։

Մարդկանցից ամեն մեկը տանում էր իր ուսին վիթխարի մի ձմեռ, ծանր, որպես ալյուրով կամ քարածուխով լի մի պարկ, կամ որպես հռոմեական հետևակի սպառազինություն։

Բայց այլանդակ այդ հրեշը լոկ անշարժ ու անկենդան բեռ չէր — Նա փաթաթվում էր ու ճնշում մարդուն իր առաձգական ու զորավոր մկաններով։ Իր զույգ, լայն ճանկերով կպել էր նա իրան