9 ՎԱՏ ԱՊԱԿԵԳՈՐԾԸ
Կան զուտ մտահայաց բնավորություններ, գործողության բոլովին անընդունակ, որոնք սակայն երբեմն մի անըմբռնելի ու խորհրդավոր դրդումով գործում են այնպիսի արագությամբ, որին իրանք իրանց անընդունակ էին համարելու:
Նա, որ դռնապանից վշտաբեր մի բոթ լսելու ահից շրջում է դռան առաջն ու չի վստահանում ներս մտնել, նա, որ երկու շաբաթ պահում է նամակն առանց բաց անելու, կամ միայն կես տարի անց է ձեռնարկում այն գործին, որի անհրաժեշտությունը դեռ մի տարի առաջ պարզ էր, զգում է հանկարծ, որ մի բան իրան մղում է դեպի գործ, որպես աղեղն է մղում նետին:
Մորալիստն ու բժիշկը, որ ամենագետ լինելու հավակնությունն ունեն, չեն կարող բացատրել, թե որտեղից է ծագում այդ հանկարծական եռանդը ծույլ ու հեշտասեր հոգիներում և նրանք, որ ամենասովորական ու անհրաժեշտ գործի անընդունակ էին, հանկարծ մի վայրկյան հոգեկան ուժ են ստանում ամենաանմիտ, անգամ վտանգավոր վարմունքների համար:
Իմ բարեկամներից մեկը, մի խաղաղ ու երազող մարդ, հրդեհել էր մի անգամ անտառը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, տեսնի, թե արդյոք իրա՞վ կրակն այնքան հեշտ է տարածվում, ինչպես սովորաբար պնդում են: Տասն անգամ իրար հետևից նրա փորձը չէր աջողվել, բայց տասնմեկ անգամին ավելի քան աջողվեց:
Մի ուրիշն իր սիգարը վառոդի տակառի մոտ կվառի, որ տեսնե, իմանա, փորձե ճակատագիրը, որ ստիպե ինքն իրան ստուգելու իր արիությունը, վերջապես խաղի համար, անհանգստության քեղցրությունն զգալու համար կամ պարապությունից: Դա եռանդի այն տեսակն է որ ձանձրույթից ու ցնորամտությունից է բխում, և նրանք, ում մեջ նա համառորեն է