Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ վերադառնալով տուն այն ժամին, երբ դրսի կյանքի բրգգոցը չի խլացնում իմաստության խորհուրդները, նա ասաց ինքն իրան՝ ցնորքով եղա ես այսօր երեք տան մեջ և բոլորն էլ հավասար չափով հաճելի էին ինձ։ Ուրեմն ի՞նչ կարիք նեղել մարմինը տեղափոխության համար, երբ հոգիս ճանապարհորդում է այսպիսի թեթևությամբ։ Եվ ինչ կարիք իրականացնել ծրագիրները, երբ ինքը ծրագրումն այնքան բերկրալից է։

20 ՉՔԱՎՈՐՆԵՐԻ ԱՉՔԵՐԸ


Ա՛հ, դուք ուզում եք իմանալ, թե ինչո՞ւ եմ այսօր ձեզ այսպես ատում։

Անտարակույս ինձ համար ավելի հեշտ պիտի լինի այդ բացատրելը, քան ձեզ համար նույնը հասկանալը, որովհետև իմ կարծիքով դուք կանացի անթափանցողության մի փայլուն նմուշ եք ներկայացնում։ Մենք խոսք էինք տվել, որ մի միտք ու մի հոգի լինենք այսուհետև, մի հասարակ ցնորք, որը փայփայում են բոլոր մարդիկ և որը, սակայն, դեռ ոչ ոքի համար իրականություն չի դարձել:

Երեկոյան մի փոքր հոգնած էիք դուք և առաջարկեցիք նստել նոր բուլվարում, նորաշեն կաֆեի առաջ, ուր դեքը դեռ մնում էր դեսուդեն կիտված։ Սակայն կաֆեն արդեն ցուցադրում էր իր անավարտ շուքն ու փայլը։ Գազը դեբյուտի եռանդ էր ցույց տալիս և իր բոլոր ուժերով լուսավառում էր պատերի կուրացնող սպիտակությունը, ահագին հայելիները, բագետների ու կարնիզների ոսկին, ուռուցիկ թշերով մանկլավիկներին, որոնց առաջ է մղում շների ոհմակը, ծիծղուն տիկիններին, որոնց ձեռքի վրա թառել է բազեն, իրանց գլուխների վրա միրգ, խմորեղեն ու որս կրող նիմֆաներին ու դիցուհիներին, Հեբեներին ու Գանիմեդներին, որոնք ձեռքերով բռնած պարզում են բավարիկով լի բաժակներ, կամ երկգույն պաղպաղակի օբելիսկներ, ամբողջ պատմությունն ու դիցաբանությունը, որ այստեղ են կոչել որկրամոլությանն սպասավորելու։

Ուղիղ մեր դեմուդեմը, մայթի վրա, մի քառասունին մոտ կտրիճ տղամարդ էր կանգնած հոգնած դեմքով և սպիտակող մորուքով։ Նրա հետ երկու մանուկ կար, որոնցից մեկը նրա ձեռքն