Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

Արթնանում եմ վաղ ես.
Աղոտ լուսադե՜մ
Մշուշոտ ու պաղ ես —
Ելնե՞մ, թե չելնե՞մ…
Ոչ, համառ մտնում եմ
Օրորոցս խոր,
Օրորիր, մայր, քունն իմ,
— Նանիկ ու օրոր…

Անցավ ջահել օրըս,
Անցավ խինդ ու բոց,
Երազով այսօր ես
Դարձա օրորոց։
Չի գա հարազատըս,
Կերգեմ փոխան մոր,
Օրորելով դարդըս
— Նանիկ ու օրոր…

Սիրտըս կեղեքված է,
Ինչ անուշ ես, նինջ,
Թույնը մոռացված է,
Մանուկ եմ ես ջինջ։
Ինչ որ հավաքում եմ
Երկրում լուսավոր,
Եվ մեկն ինձ երգում է
— Նանիկ ու օրոր…