Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու։
Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
Թեթև, որպես վիթ ելնեիր ձորից,
Մի ջուր տայիր ինձ քոլի սափորից
Ու վըրանիս մոտ հանգստանայիր։
Եվ վերջալույսին մի օր, օ, մի օր,
Մանիշակագույն սարերի լանջին
Բացվեինք իրար խոսքերով չնչին,
Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր։
Ու երբ գնայիր, գիշերը անքուն
Դառնար գալիքի մի թովիչ խոստում,
Ու վառվեր հոգիս պարզ ու իմաստուն
Իմ վըրանի տակ, սարերի գրկում․․․