Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին, հայ արվեստի, գրականության, հայ գիտության, վերջապես հայ ժողովրդի մասին... որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միևնույն է, թե ո՛ր ազգից է և ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրանից կաշառք է պահանջում կամ որն իրան ծեծում է...

Այսպես, ահա այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չէ խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգևորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ։ Նա ևս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»...

Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին, միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով, ազգի ներկայացուցչության իրավունքը։

Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն։

Ստացվում է մի սքանչելի պատկեր, հայության բերանը հայերեն չէ խոսում, հայության շրթունքները հայերեն բառեր չեն կարող արտասանել։

Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա, ինտելիգենտ, իշխան՝ լեհերեն չիմանա։

Ի՞նչպես, մի Վիլեզոլսկի կամ մի Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր և մերձակա պատմությո՞ւնը, նրա գրականությո՞ւնը, չսիրե նրա նկարչությո՞ւնը, երաժշտությո՞ւնը, թատրո՞նը, այն հոգևոր երկերը, որ կենդանություն են տալիս մարմնավոր, նյութական Լեհաստանին։

Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է մի լեհացու համար։

Լեհացու համար չեն կարող գոյություն ունենալ արգելքներ ու խոչընդոտներ իր լեզուն, իր հայրենիքը, իր հոգևոր հայրենիքը ճանաչելու ցանկության հանդեպ։