Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այլ կերպ չէ կարող դատել նա, ում համար ամենից համողեցուցիչ փաստը ոսկու շլացնող փայլն է...

Մինչդեռ նա կարող էր իմանալ նախ, որ ռուս գրականությունը դիվիդենտներից չէ, որ ծաղկել է, որ ռուս գրականությունը, արվեստը սիրող հասարակություն կա, շատ սակավաթիվ, այո՛, շատ սակավաթիվ, որովհետև այն գրողները, որոնց մասին լսել է հայ բուրժուա-ինտելիգենտը, բացառություն են կազմում, և եթե նրանց գրական գործունեությունը շահավետ է նրանց համար, դա դեռ չէ նշանակում, որ բոլոր ռուս գրողները, կամ լավագույն ռուս գրողները միշտ ոսկու փայլով շլացած են ստեղծագործում... Մի Տյուտչև, մի Դոստոևսկի պիտի տասնյակ տարիներ սպասեին, որպեսզի նրանց գնահատե հասարակությունը։ Ուրեմն Տյուտչևը վա՞տ գրող է։ Ուրեմն, եթե Տյուտչևի գրքերը չէին տարածվում (իրավ, այդպես էլ էր, և է այժմ էլ), նա հարկավոր չէր ռուս գրականության...

Այսպիսի մի դատողություն անհնար է, անըմբռնելի է եվրոպացի, ռուս, լեհ ինտելիգենտի համար։

Ահա այսօր այդ մարդիկ խոսում են «Հայաստանի» մասին։

Բայց դեռ մինչև օրս չի հավաքված այն չնչին գումարը, որով պիտի կանգնեցնեին Խ. Աբովյանի արձանը Երևանում։ Մի՞թե Արարատյան դաշտը Հայաստան չէ և նրա ոգին՝ Աբովյանը, այդ Հայաստանի ամենալուսեղեն մի բեկորը չէ՞։ Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցանել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը։

Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին և սիրտն է նրա...

Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը։

Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր գրության տարօրինակությունը, անհարմարությունը։

Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ և երբեք ազնիվ աշխատանքի և սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում։

Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի և երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը։ Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ ու ինքնակոչ թամադա եք դարձել,