գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից ու վեհ իր ներքին բովանդակությամբ։
«Հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով—ահա ինչ եմ հասկանում ես «հոգևոր Հայաստան» ասելով։ Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ։
Ընթերցողը կարող է, սակայն, ենթադրել, որ իմ բաղձանքը լոկ խաղաղ կուլտուրական աշխատանքն է, որով ես առաջարկում եմ զբաղվել։ Այո, եթե կուզեք, այդպես, միայն եթե այդ խաղաղ կուլտուրայի առաջընթացքը խանգարող հանգամանքներ չլինեն։
Քանի որ կան այդ արտաքին արգելքները, բնականաբար մեր ուշքը միշտ պիտի դարձած լինի նրանց վրա։ Ես միանգամայն համաձայն եմ... որ մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է:
Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցանել ազգային ապագան։ Ահա այդտեղից է ծագում նրա «ծխականությունը», որ ես էլ շեշտել եմ մի անգամ և որին հակադրել եմ «քաղաքացիությունը»։
Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ մենք պետք է մաքառենք նրանց դեմ։
Սակայն, բացի այդ, կա և ներքին կամքի խնդիր։ Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով։ Պետք է բացի արտաքին հնարավորությունից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը այդ է դարձնում։
Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ և տնական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերե այդ արտոնությունը։
Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգության, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, և, որ գլխավորն է, մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու։