Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նայեցեք՝ մեր հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անուն), սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա...

Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, հոգու և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան։

«Շենքերի հայրենասիրությունը» — դա է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը։

Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան։

Դա «հայ համազգեստը հագին հայ ոստիկանի» մի հայրենիք է։

Չկամենանք այդպիսի մի հայրենիք։

Հիշենք, որ այդ «զոոլոգիական» ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը։

Որովհետև որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել «զոոլոգիական ազգասեր» բուրժուա-ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը—լեզուն արհամարհում է, եթե ոչ մի «հայ ոստիկանի» հայրենիք...

Այդպիսի հայրենիք ես չեմ ուզում։

Որովհետև, մի՞թե դիակ է իմ կամեցածը։

Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի «ապազգայնացած» թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:

Ո՞ւր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգևորությունը, նրանց հեռատես ու խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջև մեռնում է ա՛յն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության և ապագայի լավագույն առհավատչյան։ Ո՞ւր էին նրանք և ո՞ւր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգին Հայաստանի, երբ մեռնում է հոգևոր Հայաստանը։