Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այդպիսով իրանք իրանց տունը կքանդեն։ Եվ ահա, տեսեք որպիսի զարմանալի բան — այդ միլյուկովներն ու կերենսկիները, շխեիձեներն ու ծերեթելիները, որոնք առաջ միշտ կրկնում ու աղաղակում էին, թե Ռուսաստանը պետք է մեկ լինի և անբաժան, այն օրից, երբ իշխանությունը գյուղացիական ու բանվորական խորհուրդների ձեռքն անցավ, սկսեցին քարոզել, թե պետք է Ռուսաստանից բաժանվել, պետք է Ուկրաինան, Դոնը, Կաբանը, Կուբանը անկախ հայտարարել, իբր թե ազգերն ազատելու համար։

Իսկ իրոք նրանք ուզում էին այդպիսով բանվորական և գյուղացիական կառավարության դեմ կռվել։ Ժողովրդի թշնամիներն սկսեցին գնդեր կազմել և դուրս գալ կոմունիստ բոլշևիկների դեմ, որպեսզի տապալեն բանվորների, գյուղացիների իշխանությունն ու իրանց, կեղեքիչների՝ աղաների իշխանությունը հաստատեն։ Բայց նրանց դավաճանական խարդախ ծրագիրը ջուրն ընկավ, և նրանք ամեն տեղ հաղթվեցին ու ջախջախվեցին։ Հաղթվեցին ու ջախջախվեցին նրա համար, որ երբ դրանց հակահեղափոխական գնդերը մտած գյուղացիք իմացան, թե ինչն ինչումն է, միանգամից կոմունիստ բոլշևիկների կողմն անցան, այսինքն սոցիալիստական գյուղացիական ու բանվորական կառավարության զորքերի կողմը, իսկ ժողովրդի թշնամիների, այսինքն գեներալ Կոռնիլովի, գեներալ Կալեդինի մոտ մնացին միայն հարուստ օֆիցերներն ու հողատեր կազակները, դրանք մի լավ ջարդ կերան ու ցրվեցին, և էլ դրանց իզն ու թոզը չմնաց։ Եվ այդպես բանվորական ու գյուղացիական խորհուրդների իշխանությունը քանի գնում զորանում էր ու տարածվում ողջ Ռուսիայում։

Կովկասում ևս սկսվեց քիչ-քիչ հաստատվել բանվորական ու զինվորական խորհուրդների իշխանությունը։ Բաքվում, ուր բանվորները շատ կազմակերպված ու աչքաբաց էին, իսկույն իշխանությունն իրանց ձեռքն առան, ընտրեցին բանվորական ու զինվորական խորհուրդ, որն սկսեց կառավարել քաղաքն ու մտցնել Պետերբուրգի խորհուրդների հրատարակած նոր օրենքները։ Բայց Բաքվից այն կողմը դեպի Թիֆլիս, Երևան, Գանձակ իշխանությունըն իրանց ձեռքն էին առել թուրք բեգերի շահը պաշտպանող մուսավաթ կուսակցությունը, վրացի ազնվականների օգուտը պաշտպանող մենշևիկներն ու հայ սուտ սոցիալիստ, հայ գյուղացու պաշտպան ձևացող կարճիկյանների կարճատես կուսակցություն