Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու գիտես, ընթերցող, թե ով է դա, դու այդ լավ գիտես դա սակավահող ու հողազուրկ գյուղացին է, դա ֆաբրիկայում ու զավոդներում, նավթահորերում ու հանքերում աշխատող բանվորն է: Մի խոսքով չունևորները, պրոլետարները:Ճիշտ է, գյուղացիները բոլորը չունևորներ, պրոլետարներ չեն, կան գյուղացիների մեջ կեղեքիչ վաշխառուներ, զոռբա բռունցքներ, աղքատ հարևանի արյուն-քրտինքը ծծող ունևոր գյուղացիներ, բայց եթե չորս բոլորը լավ նայես, կտեսնես, որ այդպիսի բռունցք գյուղացիները գյուղերում փոքրամասնություն են կազմում, իսկ մեծամասնությունը գյուղում էլ, քաղաքում էլ չունևորն է, պրոլետարը։ Ահա այդ ունևորների—բանվորների և չունևոր գյուղացիների կուսակցությունն է, նրանց միությունն է բոլշևիկների կոմունիստական կուսակցությունը, որի ամենաազնիվ ու ամենա գլխավոր առաջնորդներից մեկն Է Լենինը, դրա համար էլ շատերը բոլշևիկներին լենինականներ են անվանում:

Քսան տարուց ավելի է, որ կա այդ կուսակցությունը։ Բանվորներն ու աղքատ գյուղացիները մտնում են այդ կուսակցության մեջ, որպեսզի միանան ու միացած ուժերով պաշտպանեն չունևոր դասակարգերի շահերը, իսկ չունևորների կամ պրոլետարիատի շահերը պաշտպանողը պիտի կռվի ունևորների կամ կապիտալիստների դեմ։ Ուրեմն չունևորները՝ բանվորն ու գյուղացին միանում են, որ կռվեն իրանց կեղեքող ու ճնշող ունևորների՝ փողատերերի և հողատերերի դեմ: Չունևորները միանալով, բոլշևիկների սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ են մտնում, որպեսի տապալեն վերջապես ժողովրդի կեղեքիչների ու բռնավորների իշխանությունն ու աշխարհում արդարության հաստատեն։

Բանվորների ու չքավոր գյուղացիների կուսակցության անդամները կոմունիստ են, այսինքն ուզում են, որ աշխատանքի գործիքները — մեքենաները, ֆաբրիկաներն ու զավոդները և բոլոր հողն ընդհանուրի սեփականություն լինի, այսինքն համայնական լինի և ոչ թե առանձին մարդկանց սեփականություն։

Կոմունիստներն ուզում են, որ ունևորները, որոնք աշխարհքում փոքրամասնություն են կազմում, այլևս չիշխեն, չհարստահարեն, չկեղեքեն աշխատավոր բանվորներին ու չունևոր գյուղացիներին, որոնք աշխարհում մեծամասնություն են կազմում: