Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4. ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻ ԹԱՂՈՒՄԸ

Մոսկվա, 9 նոյեմբերի

Համեստ ու անշուք էր Լև Տոլստոյի թաղումը։

Այդ թաղումը կատարվեց այնքան արագ, որ շատ շատերը ոչ մի հնարավորություն չունեցան գնալու Յասնայա Պոլյանա։ Նույնիսկ ներկայացուցիչները հնարավորություն չունեցան գնալու թաղման։ Այսօր Յասնայա Պոլյանայից վերադառնալիս ես հանդիպեցի Տուլայում Պետերբուրգից եկած ներկայացուցիչներին, որոնք չգիտեն, որ արդեն Մեծ Ծերուկը հանձնված է հողին։ Մոսկվայի ներկայացուցիչների մեծ մասը նույնպես չկարողացավ գնալ, որովհետև չնայած որ հաղորդակցության կառավարիչը խոստացել էր յոթը բացառիկ գնացք տալ Յասնայա Պոլյանա գնացողներին — տվեցին միայն 2—3 գնացք։

Երբ հասանք «Զասեկա» (Յասնայա Պոլյանայից 4 վերստ հեռավորության վրա գտնվող կայարանը), այնտեղ արդեն սպասում էր բազմամարդ ամբոխ։

Մեզանից հետո էլ եկան մի քանի խումբ, և այդպիսով հավաքվեցին 5—6 հազար (մոտավորապես) մարդ, որ դիմավորեց Լև Տոլստոյին բերող շոգեկառքը։

Առավոտը նոր էր բացվել, երբ եկավ այն գնացքը, որի մեջ տեղավորվել էր Տոլստոյի ընտանիքը և նրա դիակը։

Դիմավորողների առաջին կարգում կանգնած էին Յասնայա Պոլյանայի գյուղացիները իրենց անշուք պսակով և մի կտավի ցուցագրով՝ հետևյալ բովանդակությամբ. «Лев Николаевич Память крестьян Ясной Поляны»:

Կային և ուրիշ պսակներ թվով մոտ 50 — զանազան կողմերից, սակայն երևի մեծ մասը դարձյալ չէր հասել ժամանակին:

[1]

  1. Վահան Տերյան հ. III