29. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Ահա մոտ երկու ամիս է, որ Կովկաս եմ…
Այժմ գրում եմ Անիից։ Ավետիք Իսահակյանի հետ եկանք Ալեքսանդրապոլ, որտեղից ընկանք շրջանի գյուղերը Մակինցյանի հետ պրոպագանդի համար։ Նոր տարին դիմավորեցինք Ղազարապատ գյուղում։ Մեր գյուղացիք այնքան կարոտ են խոսքի, որ ստիպված ես ամբողջ օրը խոսել, այնպես որ ոչինչ չես կարող անել։
Վաղուց էր ուզում էի Ձեզ գրել, բայց Դուք էլ գիտեք, որ չէի կարող գրել, քանի որ փոստը փակ էր։ Այստեղ ընդհարումները շարունակվում են: Այժմ կռիվ է Ղազախ և Շամշադին, բայց կռիվը մեզ համար այնքան էլ անհաջող չէ։ Շտապում եմ գրել, որովհետև վաղը կվերադառնանք Ղաղարապատ, որտեղ Ավ. Իսահակյանը պիտի կարդա իր նոր պոեման՝ «Մասսա Մանուկը», որ շատ են գովում։ Թե՛ Ая-ի մասին, թե՛ իմ մասին ընդարձակ կգրեմ, երբ գնամ քաղաք։ Առայժմ գրում եմ այսքանը, որ զինվորի հետ կուղարկեմ փոստը գցելու։
Ներեցեք առայժմ։ քաղաք գամ կգրեմ շատ ընդարձակ։ Գրեցեք ինչքան կարելի է շուտ և շատ։ Մինչև հունվարի վերջը այս կողմերը կլինեմ, հետո կգնամ Մոսկվա։
Հասցես՝ Александрополь, Аветику Исаакяну
Վահանին
Կարծեմ չեք նեղանա, որ այդ հասցեն եմ տալիս, ուրիշը չունեմ։ Մակինցյանը բարևում է Ձեզ։
Շնորհավոր Նոր տարի։
Թուղթ էլ չկա, այս էլ դժվարությամբ գտա։
Ужасная глушь!