Այդ թաղման հանդիսում չգտա ես այն սգային մեծ հանդիսավորությունը, որ պետք էր սպասել։
Ճիշտ է, քաղաքներում եղել են ցույցեր այդ առթիվ, ուղարկվել են հազարավոր ցավակցական հեռագրեր հանգուցյալի ընտանիքին, հարց է հարուցվել հավերժացնելու Տոլստոյի հիշատակը, սակայն ինձ թվում է, որ այդ ամենը թեև վկայում է ռուս հասարակության զգացմունքների մասին, բայց թաղումը՝ այդ չհաջողված, կիսատ, նույնիսկ մի տեսակ սառը թաղումը, չի արդարացնում։
Հուղարկավորների բազմությունը քիչ էր, հանդեսը համեստ,բայց ոչ պարզ։
Այդ ամենը չափից դուրս սովորական էր — այդպես կթաղեին ամեն մի քիչ թե շատ հայտնի գրողի, արտիստի, հասարակական գործչի։ Այդ ամենը չափից դուրս սովորական էր — մինչդեռ Տոլստոյը նախ և առաջ և միշտ արտասովոր է, անհամեմատելի։
Ես ոչինչ չէի ասի, եթե թաղումը բոլորովին պարզ և անշուք լիներ — այնպես, ինչպես լինում է ամեն մի սովորական, հասարակ գյուղացու թաղում, սակայն այդպես չէր։
Իհարկե, թաղման հանդիսավորությունը և մեծությունը հարկավոր չէր Լև Տոլստոյին։ Դա մեզ էր հարկավոր, նախ և առաջ և միայն մեզ, որպեսզի մի րոպե ևս դարձյալ հեռանայինք առօրեականից— զգայինք նորից և նորից, թե ո՜րպիսի ողբերգական և խորհրդավոր րոպե ենք ապրում — որպեսզի դրոշմվեր մեր հոգում այն, որ միացնում է մեզ ամենքիս, այն, որ քարոզում էր Լև Տոլստոյը։ Որպեսզի հեռանայինք մեր հոգսերից և առօրեականից, որպեսզի տեսնեինք, որ մենք ընդունակ ենք մեր ուսուցչին հարգելու համար մոռանալ ամեն ինչ — միանալու նրա անվամբ և ապրել նրա ոգու, նրա մտքերի, նրա մեծության լույսի մեջ։ Ապրեինք ուրիշ, բարձր զգացմունքների և մաքուր խոհերի աշխարհում։
Սակայն այդպես չէր։
Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը։
Հանդեսը ավելի քան սովորական էր, նման մյուս այդ տեսակ հանդեսներին, մինչդեռ Տոլստոյը միակն է և նմանը չունի։
Թաղման հանդեսին ներկա եղող գյուղացիների մեջ ես առանձին հուզմունք չնկատեցի։