42. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Մեծարգո պ. Ծատուրյան
Ես երկար մտածելուց ետ եկա այն եզրակացության, որ լավ է հրատարակվի իմ գրքույկը¹, քան ստանամ ամսական 15 ռուբլի, որովհետև իմ դրությունը չի բարվոքվի այդ վերջինի միջոցով, և ես ավելի գերադասելի եմ համարում մի երկու ամիս ևս նեղություն կրել այն հուսով, որ հետո կդրստեմ գործերս, քան միշտ (կամ մի քանի ամիս) կիսակուշտ լինել և, որ գլխավորն է, միշտ զգալ, որ պետք է դիմես օտար մարդկանց, միևնույն կարկառ ձեռքը ամեն ամիս, դա սոսկալի է. առանց այդ էլ ամեն ամիս ստիպված եմ գնալու որևէ Սահարբեգյանի մոտ ու թուք ու մուրով ստանալու եկեղեցուց ստանալիք 15 ռ.²»: Իհարկե, ավելի հեշտ է Ձեզնից վերցնել ինձ համար, քան այդ բուրժուաներից, բայց չէ՞ որ կրկին այդ մարդիկն են Ձեզ ամեն ամիս այդ փողը տալու։
Ուստի ես գերադասում եմ մի անգամ ստորանալ, մի անգամ վերցնել, քան միշտ դիմել։ Ուրեմն խնդրում եմ Ձեզ, եթե ուշ չէ, եթե հնար կա, այնպես արեք, որ մի անգամից տան այն, ինչ պիտի տան, և ես կհրատարակեմ գիրքս, որովհետև, ինչպես և վերևում ասի, միևնույն է, այդ ամսական 15 ռ. այժմ իմ դրությունը չի լավացնի — դա մի «պալլիատիվ» կլինի, որպես ասում են սոցիալ- դեմոկրատները։
Դուք, իբրև չքավորության ծանոթ մարդ, պետք է որ հասկանաք այդ ամենը, այնպես որ աչքի առաջ ունենալով այդ բոլորը, հուսով եմ չեք մերժի իմ խնդիրը։
Ուրեմն ես կուզեի, որ գրքիս հրատարակության համար տային այն մարդիկ, կամ հակառակ դեպքում միանվագ տան այն գումարը, որ պետք է ամիսների ընթացքում տան ինձ։
Խնդրեմ պատրաստեցեք Ձեր խոստացած տոմսակները³ հետևյալ մարդկանց անունով և թողեք հյուրանոցում, ես երկուշաբթի կամ երեքշաբթի առավոտյան կգամ և կվերցնեմ, կխնդրեի