Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղել) և ծախել՝ այնպես որ հիմա չգիտե՝ արդյոք Ծատուրը ստացե՞լ է գիրքը, թե՞ ոչ. այսինքն արդյոք ուղի՞ղ է իրան հասած այդ լուրը, թե՞ ոչ։ Հարցրեց Կուսիկյանի մասին։ Հյուրասիրեց թեյով։

Շտապում էի, այնպես որ շատ չնստեցի, թեև առանց այդ էլ արդեն 1/2[ժամ] տևեց մեր խոսակցությունը։

Ահավասիկ իմ доклад-ը: «Доволен ли ты, мой господин?».

Փողը դեռ չեմ ստացել, այնուամենայնիվ վաղը գիրքս հանձնում եմ տպագրության։

Բարևիր Կուսիկյանին, Ծատուրին և բոլոր ընկերներին։

Քո Վահան

Հա՛, Օնիկը այսօր եկավ Ալլահվերդիից մի օրով՝ գործով, վաղը կգնա։ Գուցե հետը ես էլ գնամ, կոռեկտուրան այնտեղ կուղարկվի—մի օրվա ճամփա է, ամեն օր փոստ կա։

Ավետիքը այստեղ չէ։

Երեկ ինքնասպանություն է գործել Գրիգոր Վանցյանը: Այսօր այստեղի վայրենի գիմնազիստները Կագան ազգանունով մի ուսուցչի սպանել կամենալով սպանել են մի 8-րդ դասարանի գիմնազուհիի։ Գնդակը վրիպել է ուսուցչից և դիպել օրիորդին։ Սպանությունը կատարվել է 3-րդ իգական գիմնազիայում, ուր Կագանը գնացել է դասի։

Վրաս շատ վատ ազդեց այդ դեպքը, որին գրեթե ականատես էի՝ թեև շատ հեռվից, այնպես որ միայն մարդկանց վազվզելը տեսա և լսեցի երեք անգամ արձակված ատրճանակի ձայնը։

Սոսկալի երկիր է, ամեն ինչ այստեղ այլանդակ կերպարանք է ընդունում, ամեն ինչ վայրենի ձևով արտահայտվում և այլասերվում։ Եվ մենք պետք է աշխատենք այստեղ, մտածիր՝ ինչքա՜ն ուժ է պետք, ինչքա՜ն տոկունություն։

Քո Վահան

Գրիր հին հասցեով։

[Ողջույն Վարյա — Սոնյա — Հայկո K°-ին]