Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգում, թեև դեռ ծանոթ չեք այդ տեղին։ Ինչ֊որ բան ժպտում է ձեզ, և ակամա դուք էլ եք ժպտում, և արդեն լոկ այն բանից հետո, երբ ձեր միջից պոռթկացել է ակամ զվարթագին «Ինչ լա՞վ է»֊ն, լոկ դրանից հետո է առաջանում անտեղի «ինչո՞ւ»֊ն և այդ «ինչո՞ւ»֊ի միանգամայն ապարդյուն որոնումը։ Ճիշտ այդպես էլ լինում է մարդկանց նկատմամբ։ Դուք նամակն սկսում եք ինձ համար ուրախալի խոստովանությամբ, որ ձեզ վրա լավ տպավորություն եմ գործել, և կարծես ափսոսում եք ձեր անկեղծության համար։ Տարօրինակ է։ Մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Իմ կարծիքով, մարդ ով էլ որ լինի, լոկ նրա անկեղծությունը կարող է բավարար հիմք ծառայել նրան սիրելու և գնահատելու համար։ Եվ ես չգիտեմ, արդյոք գոյություն ունի՞ մարդուն գնահատելու մի այլ չափանիշ։ Իհարկե, խոսքը մարդու բարոյական գնահատման մասին է։ Երեկ ես քնեցի տրտմության ու դժգոհության զգացումով։ Արթնացա, կարդալու համար ձեր նամակը, որ բերել էր սպասուհին, և զվարթագին դիմավորելու օրը: Չգիտեմ ինչու ինձ այդպես ուրախացրեց ձեր նամակը։ Բայց ախր դա կարևոր չէ։ Կարևորը լոկ այն է, որ հիմա խաղաղ, լավ, լուսավոր տրամադրության մեջ եմ։ Ուստի շնորհակալությամբ սեղմում եմ ձեր հեռավոր ձեռքը, Անտյա, և հղում եմ ձեզ իմ սրտագին ողջույնը։ Իմ մելամաղձությունն էլ ինչ֊որ տևական, տանջալիորեն երկարատև բան է։ Ինչ֊որ թախիծ է, անեզրակա՜ն թախիծ։ Սոսկ հազվադեպ լուսո ճառագայթներ են լինում, ինչպես աշնանային մռայլ օրերին հեռավոր արեգակի փութանցիկ ժպիտներ։ Իմ գրագրությունը բավական ընդարձակ էհ բայց հազվադեպ մարդկանց հետ է հնարավոր սրտանց խոսել։ Մեծ մասամբ գրում եմ ըստ սովորության կամ ըստ պարտականության, կամ էլ գործնական նամակներ։ Դուք հարցնում եք (թեև կողմնակիորեն) իմ վատ տրամադրության պատճառը։ Միշտ դժվար է և հաճախ միանգամայն անհնար որոշել տրամադրությունների պատճառը, իսկ իմ դառնությունները մեծ մասամբ առաջանում են .այն անհամապատասխանությունից որը գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև։ Ես սիրում եմ գրականությունը և ինձ կոչված եմ համարում ծառայելու նրան, մինչդեռ ինձ շատ բան է խանգարում նվիրվելու սիրածս առարկային։ Ինձ ամենից ավելի վշտացնում է այն, ինչը