Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանից կստացվի գործունյա, օգտակար մարդ, բայց հիմա կասկածում եմ դրան: Կարծես թե նա ապագայում ցանկություններ չունի։ Վերջիվերջո նրան կարծես թե գոհացնում է միջակ փաստաբան դառնալու և պարապ, աննպատակ կյանքի հեռանկարը։ Այդպես կլինի, եթե նրան չցնցի որևէ շատ ուժեղ բան։ Ահա ամենը, ինչ կարող եմ ասել նրա մասին։ Կարծեմ ամենը։ Դարձյալ կրկնում եմ, ես միշտ սրտնեղվում եմ, երբ ստիպված եմ լինում որևէ մեկին դատել-դատապարտել։ Ես ձեզ կարող էի Կոլյայի մասին էլի շատ բաներ գրել, բայց դա ավելորդ եմ համարում և նշում եմ բացառապես վերն ասվածը, քանի որ դրան ավելի եմ համոզված, քան մնացյալին։ Բայց և այնպես ինձ թվում է, որ դուք, թեև նրան նախատում եք, այնուամենայնիվ ինձնից վատ չգիտեք Կոլյայի բոլոր արժանիքները, այնպես որ չեմ ուզում դրանց մասին գրել։ Դուք իրավացի եք, նրա մասին վատ բան լսելը ինձ համար տհաճ է, առանձնապես տհաճ կլիներ, եթե համոզվեի, որ դա ճշմարտություն է (ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ)։ Որպես ընկեր Կոլյան ինձ համար միշտ սիրելի ու թանկ է եղել։ Նա իմ լավագույն բարեկամներից մեկն է։ Ահա ամենը, ինչ կարող եմ ասել նրա մասին, չվախենալով, որ ասածիս համար կզղջամ կամ ինձ կմեղադրեմ մարդու նկատմամբ անարդարացի լինելու համար։

Մի խոսքով, տվյալ դեպքում իմ վիճակը բավական աննախանձելի է, Անտյա, որովհետև ստիպված եմ ձեզ հետ նամկով խոսել, որն անհնար է դարձնում մտքերիս ու զգացմունքներիս ճշգրիտ նկարագրությունը։ Այնքա՜ն դժվար է նամակում արտահայտել այն ամենը, ինչ ուզում ես ասել։ Բացի այդ, շատ հարցեր կան, որոնք ես ինքս դեռ չեմ պարզել, մինչդեռ մտքովս են անցնում ձեր նամակը կարդալիս, իսկ հաճախ նաև առանց այդ կարգի արտաքին մղման։ Օրինակ, մարդկանց մասին դատելու համար իմ կարծիքով պետք է նախապես որոշել՝ ինչը պետք է չափ ու չափանիշ հանդիսանա մարդուն արժեքավորելու համար։ Բայց չցանկանալով հիմա զբաղվել այդ լուրջ թեմաների վերլուծությամբ, կանցնեմ ձեր նամակի մյուս կետերին։ (Այդ հարցերը՝ հետո, եթե հետաքրքիր լինի և եթե գրելու տրամադրություն ունենամ)։ Հուսով եմ, չեք դժգոհի ինձնից նրա համար, որ այս