Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ամենքին հայտնի են, ով հետաքրքրվում է գրականությամբ։

Իսկ մեզանում ամեն ինչ այդ դեպքում անում են առանձին անհատները։

Անշուշտ գովելի է և գնահատելի այդ տեսակ անհատների բարի ցանկությունը և խրախուսելի նրանց գործը, սակայն դա չի կարող համարվել կարելի կատարելություն, չէ՞ որ կարելի էր և անհրաժեշտ էր ավելի կատարյալ և հաստատուն հիմքերի վրա դնել այդ գործը։

Եվ այդ անողը պիտի լինի մի հաստատություն։

Կրկնում եմ` սխալ է և անհիմն այն տարածված կարծիքը, թե թարգմանական գիրքը մեզանում ընթերցող չի ունենալ։

Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի հետաքրքրությամբ կարդացվում էր գավառում Տոլստոյի «Հարություն»-ը Տ. Հովհաննիսյանի թարգմանությամբ: Մի՞թե հայտնի չէ, որ մեր ուսուցիչների, քահանաների և աշակերտների մեծ մասը «Հո՞ երթաս»-ը գիտե Լիսիցյանի թարգմանությամբ և այլն, և այլն։

Գուցե ասեն, որ գիրքը գնող չի լինի։

Դա արդեն այլ խնդիր է, այլ ցավ, թեև ինձ թվում է, որ այդ ցավին էլ որոշ չափով կարող է դարման անել Հրատարակչական Ընկերությունը, հիմնելով իր ծրագրի համաձայն գավառներում գրախանութներ, գրադարաններ և այլն։

Եվ ամենագլխավորը, չպետք է փաշայաբար նստել և հասարակությունից պահանջներ անել։

Որքան ինձ հայտնի է, Թիֆլիսում գոյություն ունեն ուրիշ ընկերություններ ևս. օրինակ` «Լույսը», «Հայուհյաց Որբախնամ Ընկերությունը», որ իր գոյությամբ և հաջողությամբ պարտական է միայն մի խումբ տիկինների եռանդուն աշխատանքին և սիրալիր վերաբերմունքին դեպի ձեռնարկած գործը։ Այդ երկու ընկերություններն անում են իրենց գործը և երբեք հրապարակ չեն գալիս այնպիսի գանգատներով և պահանջներով, ինչպես անում է Հրատարակչական Ընկերությունը։

Շատ լավ բան է հասարակական ինքնագործունեությունը, բայց հասարակական գործիչը պետք է ճանաչե իր մթնոլորտը և հասկանա` ինչ կարելի է պահանջել մի հասարակությունից, ինչ չի կարելի. դա առաջին գրավականն է նրա գործի հաջողության։